ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը, մուտք է ունեցել Ուիլմինգթոնում առանձնատան մոտ գտնվող ավտոտնակ, որտեղ հայտնաբերվել էին նրա հոր գաղտնի փաստաթղթերը։ Այս մասին հայտնում է Fox News–ը։
«Էլեկտրոնային նամակները... մատնանշում են, որ Բայդեն կրտսերը կրեդիտ քարտի և Apple–ի հաշվի համար որպես իր մշտական բնակության հասցե նշել է Ուիլմինգթոնում իր հոր հասցեն»,– ասված է հաղորդագրությունում։
ԱՄՆ–ում սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ Վաշինգտոնի փորձագիտական կենտրոնում գտնվող Բայդենի գրասենյակում գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերել։ Սպիտակ տունը հունվարի 12-ին հայտնել էր, որ Ուիլմինգթոն քաղաքում Բայդենի տանը գաղտնի նյութերի նոր խմբաքանակ է հայտնաբերվել։ Պարզվել է, որ դրանք պահվում էին ավտոտնակում։
ԶԼՄ–ների տեղեկություններով` գաղտնի փաստաթղթերում եղել են հետախուզության տվյալներ և Ուկրաինայի, Իրանի ու Մեծ Բրիտանիայի մասին ճեպազրույցների նյութեր, որոնք թվագրված են 2013-2016 թթ.։ Բայդենը հայտարարել է, որ գտածոն իր համար անակնկալ է եղել, թղթերի բովանդակության մասին էլ ինքը ոչինչ չգիտի։