Ապահովել հայկական կողմի մուտքը վթարի գոտի․ Թովմասյանը դիմել է միջազգային գործընկերներին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է իր էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունն Արցախում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործըներներին` շտապ ապահովել հայկական կողմի մուտքը վթարի գոտի՝ վերականգնելու հոսանքի մատակարարումը Արցախ։
«Մեկ ամսից ավելի է՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է իր էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունն Արցախում՝ փաստացի պատանդ պահելով 120 000 մարդու, որից 30 000-ը՝ երեխա, 20 000-ը՝ ծեր, 9000-ը՝ հաշմանդամություն ունեցող»,– գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանին անպատժելի թողնելու պայմաններում Արցախում խնդիրներն օրեցօր ավելանում են:
«Ադրբեջանի այս հանցավոր քաղաքականության նպատակն է հայաթափել Արցախը։ Դրա վկայությունն է նաև Ալիևի վերջին հայտարարությունը, որ եթե հայերը Արցախում չեն ցանկանա Ադրբեջանի քաղաքացի լինել, միջանցքը բաց է, կարող են գնալ»,– գրել է նա։
Թովմասյանը նշել է, որ Ադրբեջանն Արցախում ստեղծել է հումանիտար արտակարգ իրավիճակ, որի հետևանքով Արցախը հոսանքազրկված է ձմեռային ցուրտ պայմաններում. Հայաստանից սնուցվող միակ բարձրավոլտ գծի Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրվել է վթար: Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հատվածում հնարավոր չէ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ։
Նա հիշեցրել է նաև, որ Ադրբեջանական կողմը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները և խոչընդոտում է նորոգման աշխատանքները։
«Ադրբեջանը արգելափակել է սննդամթերքի, դեղորայքի և առհասարակ բոլոր մատակարարումներն Արցախ, հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից, սննդի պակասի պատճառով փակվել են ավելի, քան 100 կրթական հաստատություններ»,– գրել է պատգամավորը։
Նա նաև հիշեցրել է, որ հազարավոր ընտանիքներ բաժանված են, բազմաթիվ երեխաներ գտնվում են ծնողներից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։