ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Այս պահին խուզարկություն է իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Հայաստանի հանրային կապերի գրասենյակը։
«ՀՀ իրավապահ մարմինների ապօրինի գործողությունները շարունակվում են»,–ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ հունվարի 11-ին մտել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահի բնակարան, և նա վկայի կարգավիճակ է ստացել։
Հունվարի 11-ին մի շարք ՀՅԴ–ականների տներում խուզարկություններ էին կատարվել. ՀՅԴ 3 անդամ բերման է ենթարկվել, երկուսը վկայի կարգավիճակ ունեն։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ խուզարկությունները կատարվել են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։