ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռնարկելու կարևորությունը։ «Արմենպրեսին» ԱԳՆ-ից հայտնել են, որ ՄԱԿ ԱԽ-ում հունվարի 12-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել «Օրենքի գերակայության խթանումը և ամրապնդումը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» թեմայով քննարկում, որի ժամանակ էլ Մարգարյանը ելույթ է ունեցել։
«Մհեր Մարգարյանը ԱԽ անդամների և ներկաների ուշադրությունն է հրավիրել ավելի քան երեսուն օր շարունակվող Լեռնային Ղարաբաղի շրջափակման վրա` շեշտելով, որ Լաչինի միջանցքը փակ պահելով` Ադրբեջանն այժմ նպատակ է հետապնդում իրականացնել հայերի բռնի տեղահանման քաղաքականություն»,–գրում է կայքը։
Իր ելույթում Մարգարյանը հիշատակել է հարևան երկրի կողմից միջազգային իրավունքի շարունակական ոտնահարման, պատերազմական հանցագործությունների, ուժի և ուժի սպառնալիքի միջոցով տարածքների ապօրինի զավթմանն ուղղված գործողությունների մասին՝ շեշտելով, որ մարդկության դեմ կատարած ոճրագործությունների համար պատասխանատվության բացակայությունը ծնում է նոր բռնություններ։
Ի դեպ, ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, Արդարադատության միջազգային դատարանի նախագահը և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Հունվարի 10-ին Հայաստանից Արցախը սնուցող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի 110 կՎ 33-րդ կմ-ում վթար է արձանագրվել, որի պատճառով այժմ Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Հունվարի 12-ից խափանումներով է գործում նաև ինտերնետ կապը։