Վրաստանը կրկին առաջարկում է միջնորդ դառնալ Երևանի և Բաքվի միջև

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի համնդիպումը. Արխիվային լուսանկար
Երկու երկրների վարչապետները կարծում են, որ Երևանի և Թբիլիսիի միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Վրաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Երևանի և Բաքվի միջև՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հաղորդում Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու տարածաշրջանային նշանակության հարցեր:
Կողմերն ընդգծել են միջկառավարական տնտեսական հանձնաժողովի դերը՝ նշելով, որ այն կարևոր հարթակ է երկու երկրների միջև կապերի ամրապնդման համար։ Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։
Ղարիբաշվիլին և Փաշինյանն անդրադարձել են նաև անվտանգության ոլորտում տիրող իրավիճակին և տարածաշրջանում ու աշխարհում առկա մարտահրավերներին:
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու համար: Վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանը դեռևս Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ բազմիցս առաջարկել է հարթակ դառնալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար։