Դոնֆրիդը Բաքվին և Երևանին կոչ է արել վերսկսել բանակցությունները կայուն խաղաղության համար

Կարեն Դոնֆրիդը հորդորում է բանակցությունների միջոցով հասնել Լաչինի միջանցքով ապրանքների տեղաշարժի թույլտվությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովին և Արարատ Միրզոյանին կոչ է արել Լաչինի միջանցքի հետ կապված խնդրի դիվանագիտական լուծում փնտրել։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին հորդորել է անհապաղ դիվանագիտական լուծում փնտրել՝ թույլատրելու համար ապրանքների տեղաշարժը (Լաչինի ճանապարհով )»,- հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։