ՌԱԴԻՈ

Տնօրենների ու կառավարիչների անհամաձայնության դեպքում շատ ծրագրեր պարզապես կյանքի չեն կոչվի

Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հանրակրթական հաստատությունների կառավարման նոր մոդելին։
Sputnik
Դպրոցը մեծ կազմակերպություն չէ, և նման հաստատություն կառավարելը շատ բարդ գործընթաց չէ, ուստի նորմալ է, երբ ուսումնական և ֆինանսատնտեսական գործառույթները տնօրինում է նույն անձը, իսկ եթե նույն շղթայի երկու օղակները ղեկավարեն տարբեր մարդիկ, կառաջանա որոշակի խզում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը։
ՀՀ կառավարությունը հունվարի 12-ի նիստում ընդունեց հանրակրթական հաստատությունների կառավարման նոր մոդելին վերաբերող կարգը, ըստ որի` դպրոցների վարչատնտեսական գործընթացի կառավարումն այսուհետ կկատարեն ոչ թե դպրոցների տնօրենները, այլ մասնավոր կազմակերպությունները՝ մասնավոր կառավարիչների միջոցով։ Կարգի գործարկմամբ դպրոցի կառավարման գործընթացը կբաժանվի երկու մասի` ուսումնական և վարչատնտեսական:
«Մասնագետների մեծ մասը խիստ քննադատորեն է մոտենում կառավարության որոշմանը։ Նոր կարգավորմամբ` դպրոցի տնօրենն ուսումնական մասին վերաբերող ծախսային հարցերով պետք է դիմի և բանակցություններ վարի, փորձի լավ հարաբերություններ հաստատել մասնավոր կառավարչի հետ, բացատրի ու խնդրի, որ նախաձեռնություններն իրականանան։ Տարբեր մարդիկ են, տարբեր բնավորությամբ, և դպրոցի շահերից ելնելով`տնօրենները ստիպված պետք է բանակցեն ուրիշների հետ։ Այնպես չէ, որ մինչ օրս տնօրեններն արդյունավետությամբ չէին վերահսկում ամբողջ գործընթացը»,– ասաց Բաբայանը։
Նրա դիտարկմամբ` հանրակրթական հաստատությունների կառավարման նոր կարգի կիրառմամբ դրական փոփոխություններ չեն կանխատեսվում, ամենայն հավանականությամբ առաջանալու են քաշքշուկներ, ինչի պատճառով գործընթացը կերկարի ու արդյունավետությունը կթուլանա։
Մեր զրուցակցի պնդմամբ` եթե ոմանք կարծում են, որ տնօրենների ծանրաբեռնվածությունն այդ կերպ կնվազի, ապա նման մտայնությունը տեղին չէ։ Տնօրեններն այնքան ծանրաբեռնված չեն, որ կողքից միջամտության անհրաժեշտություն լինի, պարզապես պատասխանատվությունն է մի քիչ թեթևանում, որովհետև պետության միջոցները ծախսելն այդուհանդերձ չափազանց պատասխանատու գործ է։
«Շատ կարևոր է, թե մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներն ովքեր են լինելու, ինչ պրոֆեսիոնալիզմ են ունենալու, ինչ սրտացավություն են դրսևորելու։ Ներսի մարդն այդ հարցերում ունի որոշակի առավելություն, որովհետև դպրոցի տնօրեն աշխատելու համար մարդիկ վերապատրաստվում են, հանձնում քննություններ, ձեռք բերում որոշակի փորձառություն։ Կարող և որակյալ մարդիկ բոլոր հարցերը կարգավորում են հեշտությամբ»,– ասաց Բաբայանը։
Նա չբացառեց, որ դպրոցների վրա ամբողջական վերահսկողություն հաստատելու նպատակով վարչատնտեսական մասի կառավարիչներ կարող են նշանակվել պատահական մարդիկ, այսինքն` մոտիվացիան ակնհայտորեն կերևա նշանակումների ժամանակ։ Ըստ նրա` անխուսափելիորեն կծագեն լրացուցիչ դժվարություններ, և եթե անհամաձայնություններ լինեն տնօրենների ու կառավարիչների միջև, շատ ծրագրեր պարզապես կյանքի չեն կոչվի։
Նշենք, որ կառավարության այսօր ընդունած որոշումը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2022 թվականի փետրվարի 9-ին ընդունված փոփոխությունների համատեքստում է, որով արդեն իսկ նախատեսվել էր պետական ուսումնական հաստատություններում վարչատնտեսական գործընթացի կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու դրույթը։
Ըստ նախորդ որոշման՝ դպրոցի կառավարման նոր կարգը ուժի մեջ պետք է մտներ 2023թ–ի հունվարի 1-ից։ Սակայն կառավարության որոշման ուշացման պատճառով այն կսկսի գործել փոքր–ինչ ուշ։