ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՌԴ ԱԳՆ-ն անհեթեթ է անվանել Հայաստանի ղեկավարության այն հայտարարությունները, թե Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը սպառնալիք է հանրապետության համար։
Ինչպես ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ռուս զինվորականները զգալի ներդրում ունեն Հայաստանի անվտանգության գործում։ Նա այսպես է մեկնաբանել հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը։
«...Այս ֆոնին անհեթեթ են Երևանում հայտարարությունները, թե «ռուսական ներկայությունը որոշակի վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը»։ Տասնամյակներ շարունակ մեր զինվորականներն ու սահմանապահները նշանակալի ներդրում ունեն Հայաստանի անվտանգության ապահովման գործում՝ հսկելով երկրի սահմանները։ Սա օբյեկտիվ իրականություն է, որը չի կարելի հերքել»,- հավելել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ռազմական համագործակցությունը բխում է Հայաստանի ազգային շահերից։ Զախարովան Հայաստանից ռուսական բազան դուրս բերելու կոչերի հեղինակներին արկածախնդիր է անվանել։ Զախարովայի կարծիքով՝ նրանք չեն գիտակցում նման քայլի հետևանքները։
Ինչպես նշել է դիվանագետը, հայ և ռուս ժողովուրդներին կապում են դարերի վաղեմության ամուր բարեկամական կապերը։ Երկու երկրներն էլ սերտորեն համագործակցում են երկկողմ ձևաչափով նաև այնպիսի հարթակներում, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն։
Հիշեցնենք՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ» արմատական հակառուսական կազմակերպությունը հունվարի 8-ին Գյումրիում` 102-րդ ՌԴ ռազմաբազայի հարակից տարածքում հակառուսական ակցիա էր իրականացրել, որից հետո 65 մարդ բերման էր ենթարկվել ոստիկանություն: