ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը աբսուրդ է որակում Բաքվից հնչող այն հայտարարությունները, թե «արևմտյան ադրբեջանցիները» պետք է վերադառնան իրենց «պատմական հայրենիք», այսինքն` Հայաստան։ Սիմոնյանն իր տեսակետը հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները։
Նրա խոսքով՝ այն պայմաններում, երբ ադրբեջանցիների մեջ դեռ դպրոցից հայերի նկատմամբ ատելություն են սերմանում, անհասկանալի է, թե ուր են նրանք վերադառնալու։
«Այս պարագայում մենք պետք է խոսենք հայերի` Բաքու և Սումգայիթ վերադարձի մասին։ Ոչ միայն այնտեղ, մենք գիտենք, որ ամբողջ տարածաշրջանում մեծ քաղաքներ են եղել, որտեղ շատ հայեր են եղել։ Որքան էլ Ադրբեջանի նախագահը փորձի խոսել ադրբեջանցիների վերադարձի մասին, նա պետք է միշտ նշի մի բան` պատերազմի ընթացքում ՀՀ–ն լքած ադրբեջանցիները ջարդերի չեն ենթարկվել, սպանություններ չեն եղել։ Սումգայիթում, Բաքվում և այլ քաղաքներում դա տեղի է ունեցել։ Ալիևի այդ հայտարարությունն աբսուրդ է»,– նշեց Սիմոնյանը։
ԱԺ խոսնակը հավաստիացրեց, որ անձամբ ինքը պատրաստ է Հայաստանում ապրել բոլոր ազգությունների հետ, բայց իր մոտ հարց է առաջանում` արդյոք այդ ազգությունները պատրա՞ստ են ապրել Հայաստանում։ Սիմոնյանը ենթադրում է, որ Ալիևն այդ արտահայտություններն արել է ներքին լսարանի և արտաքին լսարանում հայելային ինչ–որ տարբերակ ստեղծելու համար։ Ըստ նրա՝ դա արվել է նաև Արցախի խնդրին ի պատասխան։ Քաղաքական գործիչը վստահ չէ, որ նմանատիպ փորձերը հաջողությամբ կպսակվեն։