Մյասնիկյան պողոտայի խցանումները կթեթևանան. Երևանում 2 նոր ճանապարհ է կառուցվելու

Մյասնիկյան պողոտա. Արխիվային լուսանկար
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է ևս մեկ ճանապարհ կառուցել և մեկ ուղեանց (էստակադա):
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Երևանում մեկնարկել է 2 կարևոր ավտոճանապարհային նախագիծ` կառուցվելու են Նոր Նորք և Նորք–Մարաշ վարչական շրջանները Կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ, ինչպես նաև Նոր Նորքի Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածից նոր ճանապարհ կկառուցվի դեպի Մյասնիկյան պողոտա։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածից դեպի Մյասնիկյան պողոտա ճանապարհին նախատեսվում է կառուցել նաև ուղեանց (էստակադա):
«Այս ճանապարհը էապես կթեթևացնի Մյասնիկյան պողոտայի վերին հատվածի ծանրաբեռնվածությունը, որտեղ առաջանում են Երևանի այս հատվածի ամենախիտ խցանումները: Այս մասշտաբային նախագծի շինարարական փուլը նախատեսել ենք սկսել հունիս ամսին, իսկ արդեն տարեվերջին մեր քաղաքացիները կերթևեկեն նոր ճանապարհով: Ուղեանցի նախագծային և շինարարական փուլերը նույնպես այս տարի կմեկնարկեն»,– գրել է Ավինյանը։
Նա նաև ընդգծել է, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում Գարեգին Հովսեփյան փողոցը նոր ճանապարհով կմիանա Սարալանջի շրջանցիկ ճանապարհին: Այս նախագծով կառուցվող ճանապարհը դեպի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններ երթևեկելու այլընտրանքային ճանապարհ է: Շինարարական աշխատանքները սկսվելու են ընթացիկ տարվա ապրիլին, և հունիսից մարաշցիները կօգտվեն այդ ճանապարհից: