ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հունվարի 9-ին ԼՂ–ին էլեկտրաէներգիա մատակարարող գծի խափանման հետևանքով այնտեղ նոր խնդիրներ են ծագել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարւթյան նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սկսվել են հովհարային անջատումներ, քանի որ էլեկտրական հոսանքի տեղական հզորությունները չեն բավարարում։ Մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում` չափանիշերին համապատասխանող սննդի բացակայության պատճառով։ Փակվում են աշխատատեղեր` էլ ավելի սրելով սոցիալական վիճակը ԼՂ–ում»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նպատակ ունի կոտրել ԼՂ ժողովրդի` սեփական հայրենիքում ապրելու կամքը։
Նա, սակայն, միաժամանակ համոզմունք հայտնեց, որ այդ կամքն անկոտրում է։
Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։