Իրակլի Ղարիբաշվիլին այսօր աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Նախատեսվում է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կժամանի Հայաստան, տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, նախատեսվում է նաև երկու երկրների վարչապետների առանձնազրույցը:
Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին Հայաստան էր ժամանել նաև 2021-ի մայիսի 12-ին։ Պաշտոնական այցի շրջանակներում կրկին Փաշինյան-Ղարիբաշվիլի առանձնազրույց էր կայացել։
Իսկ նախորդ տարվա օգոստոսի 19-ին հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի էր ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: