Ինչ է ուզում Ուկրաինան Վրաստանից՝ «Բո՞ւկ», թե՞ երկրորդ ճակատ

«Բո՞ւկ» ԶՀՀ
Sputnik
Եկեք անկեղծ լինենք։ Շատ ուրույն դիրքորոշում է որդեգրել մեր հարևան երկիր Վրաստանը ուկրաինական իրադարձությունների հարցում։ Այն, որ Արևմուտքին ամենևին դուր չի գալիս այդ կեցվածքը, վրացիները զգացին անցած տարվա ամռան սկզբին, երբ Եվրամիությունը թեկնածուի կարգավիճակ շնորհեց Ուկրաինային և Մոլդովային, բայց ոչ Վրաստանին։
Առաջին հայացքից դա կարող է բավական անհասկանալի թվալ, չէ՞ որ ժամանակին հենց Վրաստանն էր առաջինը միանշանակ հայտարարել, որ ուղղություն է վերցնում դեպի Եվրոպա։ Բայց իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն շատ հակիրճ ու հստակ բացատրեց. «Գլխավոր խնդիրն այն է, որ Վրաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, զոհողությունների չգնաց այդ կարգավիճակը ստանալու համար»։
Շատ ավելի կոնկրետ մանրամասներ ներկայացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Հիմնական նախաձեռնողներից մեկը, որը հորդորում էր Եվրոպային և ԱՄՆ-ին, որ Վրաստանը չպետք է ստանա թեկնածուի կարգավիճակ, Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչ պարոն Արախամիան էր: Նա գործնականում Եվրոպային վերջնագիր էր ներկայացրել, որ եթե Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ, նրանք շատ կտխրեն դրա համար,- պնդել է վարչապետը՝ ավելացնելով,- ինձ այդ տեղեկությունները փոխանցել են մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերները»։
Այժմ երկու երկրների հարաբերությունները կրկին սրվել են այն բանից հետո, երբ Կիևը պաշտոնապես պահանջեց Թբիլիսիից վերադարձնել այն սպառազինությունը, որը Ուկրաինան Վրաստանին էր փոխանցել 2008 թվականի ամռանը տեղի ունեցած ռուս-վրացական կարճատև պատերազմից առաջ։ Խոսքն առաջին հերթին «Բուկ» զենիթահրթիռային համալիրի մասին է։ Ընդ որում՝ Ուկրաինան պնդում է, որ այն ժամանակ պարզապես նվիրել է այդ համալիրը, այնինչ Վրաստանը հակադարձում է՝ մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել, միլիոնավոր դոլարներ ենք ծախսել այդ զենքը գնելու համար։
Ըստ տարբեր աղբյուրների՝ իրականությունը սա է։ 2008 թվականի վերջին Ուկրաինայի խորհրդարանը ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց ուկրաինական ռազմական տեխնիկան Վրաստանին մատակարարելու հանգամանքները պարզելու համար։ Դեկտեմբերին հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը։ Ըստ այդմ՝ նույն տարվա օգոստոսի սկզբից Վրաստանին էր փոխանցվել «Բուկ» համալիրը, ինչպես նաև 25 «Գրադ» կայանքներ, 16 զրահամեքենաներ, 5 միլիոն արկեր և այլ զենք ու զինամթերք։ Ընդ որում՝ «Բուկը» վաճառվել էր շուկայական գնից ահագին էժան՝ ընդամենը 20 միլիոն դոլարով, մինչդեռ Պակիստանը դրա դիմաց 100 միլիոն էր առաջարկում։ Ինչո՞վ է սա բացատրվում։ Նախագահներ Վիկտոր Յուշչենկոյի և Միխեիլ Սաակաշվիլու անձնական ջերմ հարաբերություններով, պնդում էր խորհրդարանական հանձնաժողովի նախագահը։
Հիմա Վրաստանում ոմանք ասում են՝ վերադարձրե՛ք էդ անտեր «Բուկը» ուկրաինացիներին, դրա պատճառով հո չե՞նք գժտվելու նրանց հետ։ Ահավասիկ հայտնի քաղաքագետ Շոթա Ափխաիձեի կարծիքը. «Այդ «Բուկը» ո՛չ 2008-ին Սաակաշվիլուն օգնեց, ո՛չ էլ հիմա Զելենսկուն է օգնելու։ Բայց եթե նրանց համար դա սկզբունքային հարց է, տվե՛ք, թող տանեն։ Մենք էլ Զելենսկու, Արեստովիչի, Պոդոլյակի և մյուսների խայտառակ ու վիրավորական հայտարարություններից հետո պարզապես կխզենք բոլոր դիվանագիտական կապերը»։
Վրաստանի իշխանությունները, սակայն, հակադարձում են՝ հարցը ամենևին էլ այս «Բուկը» չէ, Ուկրաինայի ղեկավարների պահանջը անմիջականորեն բխում է իրենց ցանկությունից, որը նրանք չեն էլ թաքցնում՝ տեսնել, թե ինչպես է Վրաստանը բացում երկրորդ ճակատը։ Այո՛, «երկրորդ ճակատների» հույժ կարևորությունը նույնիսկ մենք՝ ռազմագիտության հետ կապ չունեցող շարքային քաղաքացիներս, շատ լավ ենք հասկանում դեռ դպրոցից, պատմության դասերից։
ՄԱԿ-ի պերճանքն ու թշվառությունը. արդյոք արդարացվա՞ծ են այդ կառույցի հետ կապված հույսերը
Հիշենք Երկրորդ աշխարհամարտը։ 1941 թվականին Գերմանիան հսկայական ճիգեր էր գործադրում համոզելու ճապոնացիներին, որ երկրորդ ճակատը բացեն Խորհրդային Միության դեմ։ Սակայն Ճապոնիայի ղեկավարները մինչև վերջ ձեռնպահ մնացին այդ քայլից՝ քաջ գիտակցելով, որ այդ դեպքում ստիպված կլինեն կռվել ոչ թե երկու, այլ նույնիսկ երեք ճակատով՝ Չինաստանի, Ամերիկայի և Սովետի դեմ։ Դա թույլ տվեց Մոսկվային հսկայական ուժեր տեղափոխել Սիբիրից և Հեռավոր Արևելքից դեպի արևմուտք, որտեղ հզոր հարձակում էին կազմակերպել գերմանացիները։
Ու չմոռանանք նաև՝ Ադոլֆ Հիտլերն ի վերջո 1944 թվականի ամռանը երկրորդ ճակատը տեսավ, բայց այդ երկրորդ ճակատը հենց իր դեմ էր ուղղված և նախանշեց նացիստական Գերմանիայի պարտությունը։
Հայաստանը մատուցեց հերթական անակնկալը. դա նպաստե՞ց երկրի կանխատեսելիությանը
Ապագա կա, բայց ինչպիսի՞ն է լինելու այդ ապագան. 2023-ի կանխատեսումները