ՀՀ–ում ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկումը որոշ դժվարություններ է ստեղծում. Զախարովա

Մարիա Զախարովան կարծում է, որ Հայաստանը գործում է` ելնելով իր զինված ուժերի առջև ծառացած առաջնային խնդիրներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայաստանի տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկումը դժվարություններ է ստեղծում դաշնակիցների համար` ստիպելով վերակառուցել ռազմական գերատեսչությունների գծով արդեն համաձայնեցված ծրագրերը։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը նպատակահարմար չի գտնում անցկացնել ՀԱՊԿ զորավարժություններն իր երկրի տարածքում։
«Ենթադրում ենք, որ օպտիմալ լուծումներ կգտնվեն»,- նշել է Զախարովան:
Հայաստանի վարչապետի հայտարարությունը նա համարել է ուշագրավ ու հավելել, որ Հայաստանը գործում է` ելնելով իր զինված ուժերի առջև ծառացած առաջնային խնդիրներից։
Զախարովան հիշեցրել է, որ նախորդ տարի էլ Հայաստանը զորակազմ չի հատկացրել Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժություններն այս տարի կանցկացվեն Հայաստանում։ Հունվարի 10-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ մեկնաբանելով այս տեղեկությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը նպատակահարմար չի գտնում այս տարի ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել Հայաստանում ՝ հավելելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ մասին արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին: