ՀՀ պետական պաշտոնյաները կսպասարկվեն շտապօգնության հատուկ մեքենայով

Ճապոնիայի կառավարության նվիրած շտապօգնության 39 մեքենաներից 1-ը ՀՀ կառավարության որոշմամբ կհանձնվի Ազգային անվտանգության ծառայությանը` Պետական պահպանության ծառայության կողմից շահագործելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ՀՀ պետական պաշտոնյաներին սպասարկելու համար կհատկացվի շտապօգնության հատուկ մեքենա, որը կշահագործվի ոչ թե Շտապօգնության ծառայության, այլ ՊՊԾ–ի կողմից։
Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։
Հունվարի առաջին օրերին Երևանում շտապօգնությունն օրական մոտ 950 կանչ է ստացել
Կառավարության կայքում հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին է նվիրել 2022 թվականի արտադրության «Տոյոտա TOYOTA HIACE 2.8 D մակնիշի շտապօգնության 39 ավտոմեքենաներ: Դրանցից 38–ը կառավարությունը որոշել է փոխանցել «Շտապօգնություն» ՓԲԸ–ին, 1—ը` ՊՊԾ–ին։
«Պետական պահպանության ծառայության գործառույթների իրականացման նպատակով, այն է`համապատասխան պետական պաշտոնատար անձանց բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ապահովման համար,Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրված 2022 թվականի արտադրության «Տոյոտա Հիացե 2.8Դ (TOYOTA HIACE 2.8 D)» մակնիշի թվով 39 շտապ օգնության մեքենաներից 1-ը ամարցվում է Ազգային անվտանգության ծառայությանը` այն Պետական պահպանության ծառայության կողմից շահագործելու նպատակով»,– ասված է որոշման նախագծում։
Բացի այդ,նույն որոշման շրջանակներում նախատեսվում է «Շտապօգնություն» ՓԲԸ–ին փոխանցել առողջապահության նախարարությանն ամրացված 2020 թվականի արտադրության «FORD TRANSIT»մակնիշի շտապ օգնության 5 մեքենաներն ու 2019 թվականի արտադրության «Nissan mini bus» մակնիշի 7 մեքենաները։
Գորիսից շտապօգնությունը մոտ 1 ժամում է հասնում. ինչ իրավիճակ է Որոտան սահմանամերձ գյուղում
Դրանց փոխարեն «Շտապօգնություն» ՓԲԸ–ն առողջապահության նախարարությանը կփոխանցի 2018 թվականի արտադրության «Ջինբեյ Բրենդ» մակնիշի 37 մեքենաներն ու 2011 թ արտադրության FORD TRANSIT մակնիշի շտապ օգնության 3 մեքենաները:
Այս փոփոխությունների արդյունքում, կառավարության հաշվարկով, «Շտապօգնություն» ՓԲԸ–ի ավտոպարկը կհամալրվի 2020-22թթ արտադրության 50 շտապօգնության ավտոմեքենաներով: Առողջապահության նախարարությունը կստանա 2011 և 2018թթ–ի արտադրության 40, ԱԱԾ–ն` 2022թ–ի արտադրության 1 շտապօգնության ավտոմեքենա։