ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն առաջիկայում կազատվեն լիցենզավորման պարտադիր պահանջից։ Արտադրության զարգացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որոնք այսօր արժանացան ՀՀ կառավարության հավանությանը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ օրենքի փոփոխությունները վերաբերելու են մասնավորապես գարեջրի, խնձորի և հատապտղային գինիների, լիկյորների, մինչև 9% սպիրտի պարունակությամբ այլ խմիչքների, ինչպես նաև մինչև 100 000 լիտր շշալցված կոնյակի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողներին։
«Այս ոլորտներում լիցենզիայի կամ ծանուցման (ծանուցումը պարզեցված լիցենզիան է) վերացումը թույլ է տալու, որ ընկերությունները կամ ձեռներեցները կարողնանան ավելի հեշտ մտնել շուկա և ազատվեն ավելորդ թղթաբանությունից։ Այն, մեր կարծիքով, ավելորդ է, քանի որ մենք, ըստ էության, թղթերի հետ ենք աշխատում, քան իրականում ստուգումներ ենք անում»,– պարզաբանեց Քերոբյանը։
Նույն նախագծով առաջարկվում է նաև որոշ ալկոհոլային խմիչքների բիզնեսով զբաղվողների համար նվազեցնել պետական տուրքի չափը։
«Դրանք վիսկին, ռոմը, ջինը, սպիրտային այլ թուրմերն են։ Այսօր ընկերությունները պետք է դրանց արտադրության համար վճարեն 15 մլն դրամ։ Հիմա նվազեցնում ենք մինչև 3 մլն, ինչը, մեր կարծիքով, խելամիտ պետական տուրք է նմանատիպ գործունեություն սկսելու համար»,– պարզաբանեց նախարարը` հավելելով, որ այդ տեսակի արտադրանքը բավական մեծ պահանջարկ ունի թե՛ Հայաստանում, թե՛ արտաքին շուկաներում։
Միաժամանակ կառավարությունն առաջարկում է վերացնել շշալցված կոնյակի արտահանման պետական տուրքը, որը ներկայում 1 լիտրի համար կազմում է 25 դրամ։ Քերոբյանի տվյալներով՝ միայն այս տուրքի արդյունքում արտահանողները տարեկան ընդհանուր շուրջ 450 մլն դրամ են վճարում։