ՀՀ ԱԳՆ–ն կոչ է անում Տասմագամբետովին ուշադրություն դարձնել ՀԱՊԿ քարտուղարության պատասխանին

ՀՀ ԱԳՆ
ՀԱՊԿ անդամ երկրները քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն կոչ է անում ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղարին կազմակերպության քարտուղարության երեկվա մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով: Տեղեկությունը հրապարակված է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում։
Նշենք, որ երեկ ՀԱՊԿ քարտուղարությունը հանդես էր եկել Հայաստանի Հանրապետության տարածքում զորավարժությունների չեղարկման հարցի առնչությամբ մեկնաբանությամբ` նշելով, որ Հայաստանից քարտուղարությունը չեղարկման մասին տեղեկություն չի ստացել։
«ՀԱՊԿ քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։ ՀԱՊԿ անդամ երկրները քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում»,–ասված է ԱԳՆ–ի պատասխանում։
Նշվում է, որ քարտուղարության խնդիրները հստակորեն սահմանված են կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում: Քարտուղարությունը կազմակերպության մարմինների գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովման աշխատանքային մարմին է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իր ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, ստեղծված իրավիճակով պայմանավորված` ՀՀ–ն հրաժարվել է իր տարածքում անցկացնել ՀԱԿՊ «Անքակտելի եղբայրություն 2023» զորավարժությունը։