Հայաստանը և Վրաստանը շատ ջանք պետք է գործադրեն բեռնափոխադրում անելու համար. Փաշինյան

Հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում
Հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր` հետագայում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայաստանը և Վրաստանը պետք է հավելյալ ջանքեր գործադրեն և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնեն առավել դյուրին բեռնափոխադրումներ իրականացնելու համար։ Դա պետք է արվի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այս մասին հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Նրա խոսքով` Հայաստանի և Վրաստանի միջև նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով: Փաշինյանի պնդմամբ` Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի նաև էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով:
«2022 թվականին Հայաստանի Հանրապետությունից Վրաստան արտահանվել է 365 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որն ավելին է, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած Հայաստանից արտահանումը: Հույս ունենք, որ այս ոլորտում նախանշված դինամիկան մեզ կհաջողվի պահպանել»,– ասել է Փաշինյանը։
Միևնույն ժամանակ ՀՀ վարչապետն ընդգծել է երկկողմ հարաբերություններում տրանսպորտային ոլորտին տրված առաջնահերթությունը` մատնանշելով Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք երթուղիների հանգուցային կապ ապահովող նախաձեռնություններում իրական քայլերի հնարավորությունը։
Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս երկաթուղային տրանսպորտային համագործակցությանը և մուլտիմոդալ փոխադրումների ընդլայնմանը, այդ թվում՝ ծովային փոխադրումների կազմակերպմանը։
Անդրադառնալով երկու երկրի միջև առևտրի ցուցանիշներին` Փաշինյանը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով գրեթե բոլոր երկրներում տնտեսություններն էապես բացասական ազդեցություններ կրեցին։ Նա ընդգծել է, որ 2020 և 2021 թթ.–ին 2019 թվականի համեմատ որոշակիորեն նվազել էին փոխադարձ առևտրի ցուցանիշները։ 2022–ի հունվար-նոյեմբեր ամիսներին առևտրաշրջանառության ծավալը 2021 թվականի համեմատ ավելացել է գրեթե 2 անգամ՝ կազմելով 759 մլն ԱՄՆ դոլար։
Հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում
Նա նկատել է, որ Վրաստանի վիճակագրության համաձայն այդ ցուցանիշն ավելի բարձր է` 1 մլրդ։ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հետագա տարիներին ևս արտաքին առևտրի ցուցանիշների դրական դինամիկան կպահպանվի՝ շնորհիվ երկու երկրի տնտեսությունների աճի և փոխգործակցության զարգացման։
Նա արձանագրել է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում 2022 թվականին երկնիշ տնտեսական աճ է արձանագրվել: Հայաստանում 2022 թվականի հունվար–սեպտեմբերին համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 12.6%։
Վարչապետը մատնանշել է տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներ ստեղծելու հարցում չիրացված ներուժի մասին։ Նա վստահություն է հայտնել, որ այդ ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը նոր մակարդակի կհասցնի զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը։
Նիստի մասնակիցները քննարկել են նաև առևտրի, էներգետիկայի, ենթակառուցվածքների, արդյունաբերության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացումը։