Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ արտգործնախարարների հանդիպումը կայացել է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում։
Արարատ Միրզոյանն իր վրացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով օրեցօր Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ կարևորելով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու համար: Վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն: