Ձերբակալվել է Վարդենիսի ոստիկանության բաժնի ուղղությամբ պայթուցիկ սարք նետած անձը

Պայթյունի հետևանքով ոստիկանությանը պատճառվել է գույքային վնաս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր հայտնաբերվել և ձերբակալվել է երեկ Վարդենիսի ոստիկանության բաժնի ուղղությամբ չպարզված պայթուցիկ սարք նետած քաղաքացին։ Նա Վարդենիս քաղաքի 58-ամյա բնակիչ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ երեկ` ժամը 20։25-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածքի դարպասների կողմից ծուխ էր նկատվել, այնուհետև պայթյունի ձայն լսվել։
Պարզվել է, որ այդ պահին դեռևս անհայտ անձը հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասը պահող հենասյան վրա գցել է պայթուցիկ սարք` պատճառելով գույքային վնաս:
Դեպքի վայրում հայտնաբերվել են հրահաղորդիչ քուղի մնացորդներ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի հանգամանքները և վնասի չափը պարզվում են: