Բարդ է, երբ հարևան երկիրն անտրամաբանական քայլեր է անում. ՀՀ նախագահը` ՀՊՏՀ–ում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Երկրի առջև ծառացած խնդիրները չպետք է որևէ կերպ խոչընդոտ հանդիսանան համալսարանի նորանոր հաջողություններ արձանագրելու գործընթացին։ Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած խորհրդի նիստում այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի Հանրապետության նախագահ, համալսարանի խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Պետք է անել ամեն հնարավորը` զարգացման բնականոն ուղով առաջ ընթանալու համար»,– ասել է նա:
Խորհրդի նիստին մասնակցել են խորհրդի անդամներ, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներ։ Նիստում քննարկվել է ՀՊՏՀ-ի 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:
«Հասկանալով այն դժվարությունները, որոնց առջև մենք կանգնած ենք որպես երկիր, կուզեի, որ ամեն մեկս փորձենք մեր տեղում լինելև բարեխղճորեն կատարել մեր գործը։ Ուսանողներն իրենց տեղում պետք է լինեն, դասախոսները՝ իրենց, համալսարանի ադմինիստրացիան՝ իր տեղում,և մենք բոլորս մեր աշխատանքները կատարենք: Հավատացեք, որ իշխանությունը, կառավարությունը կամ մյուս մարմիններն ամեն ինչ անում են, որպեսզի վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, խնդիրներին լուծում տրվի»,– ասել է նա:
ՀՀ նախագահը նշել է, որ բավականին բարդ է լուծում գտնելը, որովհետև հարևան երկիրն ուղղակի անհասկանալի, անտրամաբանական քայլեր է անում։
«Համոզված եղեք, որ այն պատասխանները, որոնք մենք պետք է տանք, հավասարակշռված, բազմակողմանի ուսումնասիրված են լինելու և ցանկացած քայլի դեպքում հաշվի են առնվելու բոլոր հետևանքները»,- նշել է նախագահը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է օգտագործի իր առավելությունները, որոնք կայանում են նաև նրանում, որ «մենք մեր հասարակական, քաղաքական և առօրյա կյանքում մեր գործունեության մեջ ինքնուրույն որոշումներ ենք կայացնում»:
Դումանյանը չհերքեց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի փակվելու մասին տեղեկությունները
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը ներկայացրել է համալսարանի 2022թ.–ի գործունեության տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև համալսարանի 2023-2027թթ. զարգացման ռազմավարությունը։
Խորհուրդը որոշել է հավանության արժանացնել գործունեության տարեկան հաշվետվությունը, բավարար գնահատել նախահաշվի կատարման արդյունքները, հաստատել 2023թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև՝ համալսարանի 2023-2027 թթ. զարգացման ռազմավարությունը: