Բաքվին և Երևանին բանակցությունների հարթակ տրամադրելու առաջարկը մնում է ուժի մեջ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է, որ հայկական կողմը մտավարժանքներով զբաղվելու փոխարեն պետք է շարունակի համատեղ աշխատանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի շուրջ էապես տարբերվում են։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նշենք, որ հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ռուսական առաջարկների հիման վրա փաստաթուղթ ստորագրելու մտադրության ու Արևմուտքի կողմից առաջ մղվող հակամարտության համալիր լուծման մասին։
Լավրովը մեկնաբանել է Պրահայի հանդիպումը և անդրադարձել Ղարաբաղի կարգավիճակի հարցին
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ ասվում է, որ, այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ։
«Եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են նշված խնդիրները լուծելու բարձր մակարդակով և եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման հունով, ապա մտավարժանքներով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը»,–նշել է Զախարովան։
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս Երևանի համաձայնությունը հիմնվել է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, որն ամրագրված էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ: Դաարմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը։
Ալմա Աթայի հռչակագրում հաստատվում է սահմանների անձեռնմխելիությունը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության հանրապետությունների միջև: Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում։ Անշուշտ, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: