Բաքուն ընդունել է` նպատակն է ԼՂ-ն էթնիկ զտման ենթարկել. ԱԳՆ–ն` Ալիևի հայտարարության մասին

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Իլհամ Ալիևի` Լաչինի միջանցքի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր վերջին հայտարարությամբ ակամա ընդունում է, որ Ադրբեջանն արդեն ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ է պահում 120 հազար արցախահայությանը և Լեռնային Ղարաբաղը նպատակամղված կերպով հասցնում է հումանիտար աղետի: Այս մասին «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Նշենք, որ Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում ապրել Լեռնային Ղարաբաղում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կարող են հեռանալ, քանի որ նրանց հեռանալու համար ճանապարհը բաց է:
Վահան Հունանյանը նշել է, որ Ալիևն իր այդ արտահայտությամբ նաև ընդունել է, որ կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված իր միջազգային պարտավորությունները։
«Ադրբեջանն ընդունում է, որ իր գործողությունների վերջնանպատակը Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելն է, Լեռնային Ղարաբաղի հայությանն իր սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունից զրկելն է: Այս պայմաններում միջազգային շահագրգիռ գործընկերներին կոչ ենք անում հստակ գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և փրկել արցախահայությանը վերահաս արհավիրքից»,– ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Նրա խոսքով` չի կարելի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զրկել հայրենիք ունենալու և իրենց հայրենիքում կենսագործունեության բնական իրավունքից։
Անդրադառնալով նաև այն հարցին, որ Ալիևը նույն հարցազրույցում հերթական անգամ խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ընդունել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ այդ տերմինը չկա, բայց միաժամանակ, սպառնացել է, թե «միջանցքը լինելու է՝ անկախ նրանից Հայաստանը ցանկանում է դա, թե ոչ», Հունանյանը հիշեցրել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված է նոյեմբերի 9-ի հայտարարությանը համահունչ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ:
«Մենք պատրաստ ենք ազգային օրենսդրության շրջանակում դա իրականացնել ամենակարճ ժամանակահատվածում՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության պահպանման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Միաժամանակ, Հայաստանը երբևէ չի համաձայնվի արտատարածքային միջանցքի տրամադրմանը»,– նշել է Հունանյանը։
Նա ողջունել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջապես ինքն էլ անկեղծորեն նշում, որ այսպես կոչված միջանցքի մասին արվող պնդումները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ որևէ աղերս չունեն: Այդ հայտարարության մեջ կա հիշատակում միայն Լաչինի միջանցքի մասին, որն էլ ավելի քան 1 ամիս է ապօրինի կերպով շրջափակված է Ադրբեջանի կողմից։
«Ուժով միջանցք բացելու մասին սպառնալիքները ևս մեկ անգամ ցույց են տալիս միջազգային իրավունքում առանցքային դեր ունեցող ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի խախտումն Ադրբեջանի կողմից։ Նրա պնդմամբ` այստեղ երևում է նաև միջազգային միջնորդների մասնակցությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների նկատմամբ պաշտոնական Բաքվի բացարձակ արհամարհանքը:
ՀՀ ԱԳՆ–ն հերթական անգամ արձանագրում է, որ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումները լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը: