Բաքուն կարծում է, որ ԵՄ առաքելությունը խոչընդոտ կհանդիսանա իր նոր ագրեսիայի համար. ՀՀ ԱԳՆ

ԵՄ դիտորդները ՀՀ–ում. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ բարձր է գնահատում 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ առաքելության դերը տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Հայաստանի համար անհասկանալի է Ադրբեջանի նախագահի դժգոհությունը Հայաստանում ԵՄ նոր դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Ըստ ամենայնի, ադրբեջանական կողմը մտավախություն ունի, որ ԵՄ նոր առաքելությունը խոչընդոտ կհանդիսանա ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ նոր ագրեսիա ձեռնարկելիս, ինչի վտանգը շարունակում է շատ բարձր մնալ»,– ասել է նա:
ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ Հայաստանը բարձր է գնահատում 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ առաքելության դերը տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նման հայտարարությունն անգամ չի նշանակում, որ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև կարելի է համարել ավարտված:
«Դեկտեմբերին մենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման կամ, ինչպես ընդունված է ասել, խաղաղության պայմանագրի նախագծի մեր առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին և այժմ սպասում ենք նրանց արձագանքին»,– ասել է Վահան Հունանյանը:
Նշենք, որ Իլհամ Ալիևը իր հարցազրույցում անդրադարձ էր կատարել ԵՄ դիտորդական առաքելությանը ու դժգոհություն հայտնել Հայաստանում նոր դիտորդական առաքելության տեղակայման հնարավորությունից: