ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Արցախում ֆիքսված ինտերնետն ու հեռախոսակապն ընդհատվել է։ Տեղեկությունը թվիթերյան իր էջում հայտնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
«Տեղական ինտերնետ մատակարարը հայտնում է, որ վնասվել է այն մալուխը, որը գտնվում է Լաչինի միջանցքի հատվածում, որտեղ Ադրբեջանի իշխանությունների կողմից հավաքվել են կեղծ էկոակտիվիստները»,–գրել է Գրիգորյանը։
Միաժամանակ, Արցախի ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանը նույնպես թվիթերյան իր էջում ահազանգել է այդ խնդրի մասին։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ի Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության համաձայն` Արցախը Հայաստանից սնուցող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի 110 կՎ 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը տեղի է ունեցել Աղավնո-Բերձոր հատվածում։ Տվյալ իրավիճակից ելնելով` իրականացվում են հովհարային անջատումներ։