ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Այսօր առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք բուժառու։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Այսօր Հայաստան ենք տեղափոխել 3 բուժառու` երկու ուղեկցողների և մեկ բուժքրոջ հետ միասին»,–ասաց Ամատունին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։