ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Երևանի և մարզերի նախադպրոցական 60 հաստատությունում առաջին անգամ իրականացվել են մասնագիտական զարգացման ծրագրեր։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են զեկուցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թ.–ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Մարզերից մի քանիսում մեկնարկել է համընդհանուր ներառական կրթությանն անցման գործընթացը, որի շրջանակում 2022 թ.–ի սեպտեմբերից իրականացվում է կրթության առանձահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության շարունակական ֆինանսավորում»,–ասված է հաղորդագրությունում:
Հանրակրթության ոլորտում փորձարկման փուլում է նոր չափորոշիչը, 2023 թ. սեպտեմբերից այն փուլային սկզբունքով կներդրվի ՀՀ բոլոր մարզերում, ամբողջական ներդրումը նախատեսվում է ավարտել 2026 թ.–ին:
Վարչապետին զեկուցել են, որ արդեն մեկնարկել են նոր դասագրքերի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը, որն արդեն իրականացվում է 25 դպրոցում:
Նշվել է, որ այս պահին աշխատանք է տարվում թանգարանների կառավարման համակարգի արդիականացման ուղղությամբ և մշակվում է միասնական տոմսային էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը:
Սպորտի բնագավառում իրականացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական 5 մրցաշար՝ շուրջ 5300 մասնակցով: ՀՀ հավաքականների մարզիկները միջազգային մրցումներում և առաջնություններում նվաճել են 307 մեդալ, աջակցություն է տրամադրվել մարզական ֆեդերացիաներին: Կրկնապատկվել է պետական միանվագ աջակցությունը սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և մարզիչներին:
Վարչապետին մանրամասներ են ներկայացվել նաև «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրի ճանապարհային քարտեզի վերաբերյալ: