ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Թուրքիան ակնկալում է, որ Անկարայի միջնորդությամբ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հումանիտար միջանցք կբացվի՝ օգնելու Ուկրաինայում ճգնաժամից տուժած երեխաներին, կանանց և վիրավորներին։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի ՄԻՊ Շերեֆ Մալքոչը։
««Վերամիավորման միջանցք»․ «հացահատիկային միջանցքից» հետո մենք մտադիր ենք միջանցք բացել ընտանիքների, կանանց, երեխաների և վիրավորների համար», - Մալքոչի խոսքը մեջբերում է A Haber հեռուստաալիքը։
Մալքոչը հույս է հայտնել, որ Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենների առաջիկա քննարկումներն Անկարայում թույլ կտան լուծումներ գտնել ճգնաժամից տուժած քաղաքացիական անձանց օգնելու համար:
«Այս պատերազմը ազդել է աշխարհի բոլոր մարդկանց վրա՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական առումներով։ Ամեն օր ռումբեր են պայթում։ Մենք՝ որպես օմբուդսմեններ, կոչ ենք անում ողջ մարդկությանը ջանքեր գործադրել կրակի շուտափույթ դադարեցման ուղղությամբ», - ասել է նա։
Երեկ Թուրքիայում կայացել է Ուկրաինայի և Ռուսաստանի ՄԻՊ-երի հանդիպումը։ Քննարկվել է երկու երկրների քաղաքացիներին իրավապաշտպան օգնություն տրամադրելու հետ կապված հումանիտար խնդիրների լայն շրջանակ, կոնկրետ առաջարկներ են փոխանակվել։
Ավելի վաղ Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտնել էր, որ հունվարի 12-14-ը Թուրքիայի տարածքում նախատեսում է հանդիպել Ուկրաինայի օմբուդսմենի հետ: Այսօր նա հայտնել է, որ հանդիպումը կայացել է, քննարկվել են երկու երկրների քաղաքացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը: