ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Անկարան աջակցում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով վիրավորների համար մարդասիրական միջանցքի բացմանը և պատրաստ է ստանձնել նրանց բուժումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Անկարայում ելույթ ունենալով մարդու իրավունքներին նվիրված միջազգային համաժողովի մասնակիցների առջև։
«Մենք աջակցում ենք դրան։ Մենք վիրավորներին բերում էինք Սիրիայից, Ադրբեջանից և Լիբիայից, նրանց բուժում էինք մեր հիվանդանոցներում և նորից հետ ուղարկում։ Դա մեր մարդասիրական պարտականությունն է։ Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,-ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան Շերեֆ Մալքոչը հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է մարդասիրական միջանցք բացել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև` Ուկրաինայում ճգնաժամից տուժած երեխաներին, կանանց և վիրավորներին օգնելու համար։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 320-րդ օրը։