ՊՆ–ն ամեն ինչ անում է, որ հնարավոր ագրեսիայի դեպքում կարողանանք դիմակայել. փոխնախարար

Արման Սարգսյանը պատասխանեց հարցին, թե կա՞ն հետախուզական տվյալներ` Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է մարտերի, թե՞ ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավոր ագրեսիայի դեպքում դիմակայենք և կարողանանք խնդիրներ լուծել։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե կա՞ն հետախուզական տվյալներ` Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է մարտերի, թե՞ ոչ։
«Տարածաշրջանում այսօր էլ լարվածության աճ կա, ինչպես նաև կա լարվածության աճի միտում։ Վերջին շրջանում մենք չենք ունեցել մեկ օր, որ ընդհանուր լարվածության ֆոնը պահպանված չլինի, և այդ առումով կանխատեսումներ անելը տեղին չէ»,–ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ երեկ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նույնիսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հիպոթետիկ ստորագրման դեպքում երաշխիք չկա, որ մի քանի օրից նոր ռազմական գործողություններ չեն սկսվելու:
Հավելենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Պետք է 2 կողմի համաձայնությունը. Պեսկովը` ԼՂ–ում ՄԱԿ–ի ԱԽ խաղաղապահների տեղակայման մասին