Նոր հռչակագիրը խոսում է Եվրամիության` ՆԱՏՕ-ին ենթարկվելու մասին. Ռուսաստանի ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ շենքը
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երրորդ համատեղ հռչակագրի ստորագրումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ԵՄ-ՆԱՏՕ համագործակցության մասին հռչակագիրը խոսում է Եվրամիության լիակատար ենթակայության մասին Հյուսիսատլանտյան դաշինքի խնդիրներին։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Հունվարի 10-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նաև Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում՝ դաշինքի կենտրոնակայանում ստորագրել են համագործակցության մասին երրորդ համատեղ հռչակագիրը, որի ընդունումը բազմիցս հետաձգվել է, այդ թվում ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով:
«Համատեղ հռչակագիրը հաստատում է ԵՄ-ի ամբողջական ենթակայությունը Հյուսիսատլանտյան դաշինքի խնդիրներին, որն ԱՄՆ շահերի ուժային ապահովման գործիք է։ «Տրանսատլանտյան կապուղու ամրապնդման», «ԵՄ-ՆԱՏՕ ռազմավարական գործընկերության ամրապնդման» ներքո առաջ են մղվում այն խնդիրները, որոնք ամրագրված են 2022 թվականի հունիսին Մադրիդում կայացած գագաթնաժողովում ընդունված դաշինքի նոր ռազմավարության մեջ»,–ասված է հայտարարության մեջ։
Զախարովան նշել է, որ հռչակագիրն ամրագրել է դաշինքի նկատմամբ Եվրամիության պաշտպանական քաղաքականության «երկրորդականության» մասին դրույթը, ինչը փաստացի զրոյացնում է այդ ոլորտում ինքնավարության վերաբերյալ ԵՄ հավակնությունները:
Նա ընդգծել է, որ փաստաթղթում միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին հղումները կեղծ են՝ հաշվի առնելով դաշինքի գործողությունները Հարավսլավիայի, Իրաքի և Լիբիայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ հռչակագրում կողմերը հայտարարում են համագործակցությունն ուժեղացնելու մտադրության մասին՝ ՆԱՏՕ-ն ճանաչելով «դաշնակիցների հավաքական պաշտպանության և անվտանգության հիմք», ինչպես նաև նշում են եվրոպական պաշտպանության ուժեղացման կարևոր դերը որպես դաշինքի բոլոր երկրների ընդհանուր անվտանգության լրացում: