ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Կանանց զինվորական ծառայության մեջ ներգրավելու հարցը քննարկելու պատճառներից մեկը կանանց կողմից ակտիվության ցուցաբերումն է։ ԱԺ ճեպազրույցում լրագրողներին այս մասին ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Դրա պատճառներից մեկը կանանց ակտիվության ցուցաբերումն էր նաև մարտական հրաձգության դասընթացներին. մեծ գոհունակությամբ և մեծ պատասխանատվությամբ են մոտեցել այդ հարցին` դրական արդյունքներ ցուցաբերելով։ Խնդիր է դրված կանանց` Զինված ուժերում իրենց դրական լուման ներդնելու հարցում։ Այս հարցը ներկայում քննարկման փուլում է` օրենքի նախագծի մշակման տրամաբանությամբ»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` կանանց ծառայությունը կամավորության հիմունքներով է իրականացվելու, ինչը գուցե իրավական առումով մի փոքր ճիշտ չընկալվի, քանի որ մեզ մոտ պարտադիր է զինծառայությունը։ Դրա համար էլ այժմ որոշակի իրավական գործընթաց է անցնում նախագիծը։
Սարգսյանը հավելեց` խնդիրը կանանց ներուժն օգտագործելն է։