Իշխանությունը նախապատրաստում է ազգակործան հերթական քայլին. ՀՅԴ հայտարարությունը

ՀՅԴ ԳՄ շենքը
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարում է՝ Հայաստանի իշխանությունն իր ազգադավ ծրագրերից հանրության ուշադրությունը շեղելու և դրանց դեմ պայքարողների նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակելու նոր շրջափուլ է սկսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Իրավապահ համակարգը կրկին թիրախավորել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը` կեղծ օրինանակության շղարշով քողարկելով իր հակապետական և հակաժողովրդավարական գործելակերպը։ Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հայտարարությունում։
Նշվում է, որ Հայաստանի իշխանությունն իր ազգադավ ծրագրերից հանրության ուշադրությունը շեղելու և դրանց դեմ պայքարողների նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակելու նոր շրջափուլ է սկսել։
«Այսօր ձերբակալվել են կուսակցության Արարատի մարզային կառույցի ակտիվ անդամներ Գառնիկ Մանուկյանը և Արտավազդ (Աշոտ) Մարգարյանը, կուսակցության համակիր Հունան Մելքոնյանը, ապօրինի հարցաքննության է ենթարկվել կուսակցության գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը, ինչպես նաև ընդամենը մեկ ամիս առաջ դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանը: Այս ընկերների բնակարաններում իրականացվել են նաև խուզարկություններ: Դատախազության կողմից կրկին ասպարեզ է նետվել Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանի նկատմամբ հարուցված ապօրինի քրեական հետապնդման մասին տեղեկատվությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Արձագանքելով դաշնակցության և նրա համակիրների նկատմամբ իշխանության իրականացվող քաղաքական հալածանքների նոր թափին` ՀՅԴ գերագույն մարմինը հայտարարում է, որ իշխանությունը նախապատրաստում է ազգակործան հերթական քայլին: