ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը և Միացյալ շտաբը կարծում են, որ կոալիցիոն խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասով Հայաստանի պարտավորությունները կկատարվեն։ Այսօր այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Մենք ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի Հանրապետությունում այսօր ստեղծված իրավիճակին, որը կարող է թույլ չտալ ընթացիկ տարում լիարժեք անցկացնել ՀԱՊԿ-ի պլանավորած խաղաղապահ զորավարժությունները», - ասել է Զայնետդինովը:
Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանի տարածքում «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին: Նրա խոսքով` այս տարի Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը հաստատվել էր Երևանում:
«Ներկայում ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից պաշտոնապես ծանուցում չի ստացել այդ զորավարժությունների չեղարկման մասին՝ կազմակերպությունում սահմանված կարգի համաձայն»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժություններն այս տարի կանցկացվեն Հայաստանում։ Երեկտեղի ունեցած ասուլիսի ժամանակ մեկնաբանելով այս տեղեկությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը նպատակահարմար չի գտնում առնվազն այս տարի ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանում՝ հավելելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ մասին արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին:
Միացյալ շտաբը հաղորդագրության մեջ հաստատել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացել է նամակ այն մասին, որ 2023 թվականին Հայաստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժություն անցկացնելը նպատակահարմար չէ։