ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Թուրքիայի և Ադրբեջանի նման հարևաններ ունենալու և երկրում անվտանգության դեֆիցիտի պայմաններում հակառակորդին ուժի ցուցադրության ցանկացած դրսևորում օգտակար կլիներ Հայաստանի համար։ Այդ տեսանկյունից ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց հրաժարվելն այդքան էլ խելամիտ որոշում չէր։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց վերլուծաբան, անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը` մեկնաբանելով ՀՀ–ում ՀԱՊԿ զորավարժությունները չանցկացնելու որոշումը։
Երեկ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարեց, որ ՀԱՊԿ զորավարժություններն այս տարի Հայաստանում չեն կայանա, քանի որ այս իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարում։
Փորձագետը չբացառեց, որ ապագայում հայկական կողմը կարող է հայտարարել արտաքին ռազմական-քաղաքական կուրսի հարցերի մի ամբողջ սպեկտր վերանայելու պատրաստակամության մասին։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Երևանի արևմտամետ տրամադրվածությունը ցուցադրելու համար թիրախ է ընտրվել ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը, այլ ՀԱՊԿ-ը, որը քիչ թե շատ անմեղ սյուժե է։
Վերլուծաբանի կարծիքով՝ նման ընտրությունը պատահական չէ. հայ-ռուսական հարաբերություններին «դիպչելը» չափազանց ռիսկային կլիներ՝ հաշվի առնելով ինչպես Ռուսաստանի հնարավոր արձագանքը, այնպես էլ ռուսական ռազմական ներկայության նշանակությունը, ռուսական ռազմաբազայի դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում։
Այնուամենայնիվ, ՀԱՊԿ–ի վերաբերյալ նման դիրքորոշումը, ըստ փորձագետի, որևէ արդյունք չունի, բացառությամբ նրա, որ ՀԱՊԿ–ի հետ հարաբերությունների մակարդակում նվազում կա։
Վարչապետն ասուլիսի ընթացքում նշեց նաև, որ ՀԱՊԿ-ի զորավարժությունը թուրք-ադրբեջանական տանդեմի համար կարող է սպառնալիք ստեղծել, սակայն, ըստ Փաշինյանի, իրականում իրավիճակը կլինի հետևյալը․ «ՀԱՊԿ զորքերը ժամանեցին, զորավարժություններ անցկացրին, սպառնալիք ստեղծեցին Թուրքիայի և Ադրբեջանի համար, իսկ հետո հեռացան ՝ Հայաստանին թողնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ մենակ։ Իսկ իրականում Հայաստանը ցանկանում է ՀԱՊԿ-ի հետ դաշնակցային հարաբերությունները դնել ինստիտուցիոնալ հիմքի վրա։ Բայց երբ ՀԱՊԿ-ը չի ասում, թե որտեղ է իր պատասխանատվության գոտին, դա հիմնարար խնդիր է ստեղծում Հայաստանի համար»։
Հարությունովն այս փաստարկը վիճելի է համարում՝ նշելով, որ նույն տրամաբանությամբ Թուրքիայի և Ադրբեջանի համար սպառնալիք է ներկայացնում նաև Հայաստանում ռուսական ռազմաբազան։ Բացի այդ, հազիվ թե ՀԱՊԿ ենթադրվող լոկալ զորավարժությունները կարողանային ինչ-որ լարված արձագանք առաջացնել Անկարայի կամ Բաքվի կողմից։
Միևնույն ժամանակ փորձագետն ընդգծեց, որ ցանկացած ռազմական ցուցադրություն հղի է որոշակի ռիսկերով, բայց դրանք միշտ անխուսափելի են: Հայկական կողմն էլ փորձում է իր քայլերով փակուղային իրավիճակից դուրս գալ, բայց այնպիսի տպավորություն է, որ նոր ռիսկեր է առաջացնում։