Երեք ՀՅԴ–ական բերման են ենթարկվել, ևս երկուսը վկայի կարգավիճակ ունեն. Վարդանյան

Քրիստինե Վարդանյան
Քրիստինե Վարդանյանը հայտնեց` բերման ենթարկված երեք ՀՅԴ–ականներին 72 ժամով ձերբակալում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Այսօր առավոտյան ՀՅԴ–ականների տներում խուզարկություն իրականացնելուց հետո կուսակցության 3 անդամի բերման են ենթարկել։ Նրանք չեն ընդունում իրենց վերագրվող գործողությունները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Հայտնել էինք, որ իրավապահները վաղ առավոտից խուզարկություններ են իրականացնում ՀՅԴ–ականների տներում։
«Նրանց հերթով ձերբակալում են 72 ժամով։ Այս պահին կարող եմ ասել, որ ձերբակալվածների թվում է Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանը, մյուսների մասին դեռ ինֆորմացիա չենք կարող հայտնել։ Բացի այդ, ևս 2 անձ կանչվել են հարցաքննության, սակայն նրանք վկայի կարգավիճակ ունեն»,– ասաց Վարդանյանը։
Նա հավելեց, որ բոլորը նույն գործի` հավաքներին մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու շրջանակներում են բերման ենթարկվել։ Վարդանյանի խոսքով` ըստ էության, «Դիմադրության» շարժման ակտիվ մասնակիցների նկատմամբ են գործողություններ ձեռնարկել։
Ինչ վերաբերում է ՀՅԴ–ական Գերասիմ Վարդանյանին, որի տանը նույնպես խուզարկություն է կատարվել, ապա պատգամավորը հայտնեց, որ վերջինս արդեն իսկ հարցաքննվել է, նրան մեղադրանք չի առաջադրվել։ Բացի այդ, իրավապահներն այցելել են նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահի բնակարան, և նա վկայի կարգավիճակ է ստացել։
Քրիստինե Վարդանյանը հավելեց, որ այս ամենը հիշեցնում է քաղաքական դրդապատճառներով մարդկանց կալանավորելու` վերջին շրջանում տարածված արատավոր երևույթը։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ խուզարկությունները կատարվել են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։