ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Երեխայի հիվանդության պատմագիրը և դրանում կիրառված «չճշտված» եզրույթը, որը վերաբերում է երեխայի սեռին, բացառապես բուժաշխատողների համար է։ Sputnik Արմենիային այս մասին ասացին ՀՀ առողջապահության նախարարությունից` անդրադառնալով երեխայի հիվանդության պատմագրի նոր ձևին, որն այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով։
Երեկվանից այս թեման բուռն քննարկումների առիթ է դարձել սոցցանցերում։ Օրինակ` փաստաբան Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առողջապահության նախարարը, փաստորեն, կարծում է, որ Հայաստանի երեխաների սեռը կարող է նաև չճշտված լինել։
Բանն այն է, որ երեխայի հիվանդության պատմագրի 21–րդ կետում երեխայի սեռը նշելու համար նախատեսված է երեք տարբերակ` իգական, արական և չճշտված (մինչ գենետիկ քննությամբ սեռի որոշումը)։
««Չճշտված» եզրույթն այն դեպքերի համար է, երբ երեխայի ծննդի պահին արտաքին սեռական օրգանների տեսքից նրա սեռը հնարավոր չէ որոշել»,–պարզաբանեցին նախարարությունից։
ԱՆ հաղորդագրության համաձայն` նման խնդրի կարող են հանգեցնել մի շարք ախտաբանություններ, օրինակ` մակերիկամի կեղևի բնածին դիսֆունկցիան, Թերների համախտանիշը, կեղծ հերմաֆրոդիտիզմը, բնածին զարգացման արատները, քրոմոսոմային անէուպլոդիաները և այլն: Այս դեպքերում պահանջվում են լրացուցիչ լաբորատոր-գործիքային քննություններ, այդ թվում` գենետիկական հետազոտություն (կարիոտիպի որոշում):
«Նշված բժշկական խնդիրներով երեխաները եզակի են, բայց կան, ուստի` վերջիններիս հիվանդանոցում գտնվելու, անհրաժեշտ հետազոտություններն ու բուժումը ստանալու ժամանակահատվածում նրանց սեռի վերաբերյալ ևս նշում պետք է լինի։ Միայն հետազոտությունների արդյունքում սեռը պարզ դառնալուց հետո է հնարավոր պատմագրում լրացնել «արական» կամ «իգական» դաշտերը»,– նշում են ԱՆ–ից։
ՀՀ առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ ԽՍՀՄ-ում գործող «Ծննդի մասին» բժշկական վկայականի քաղվածքում ևս առկա է եղել նշում` տղա, աղջիկ, չորոշված: 2009 թ.–ի հաստատված ««Ծննդի մասին» բժշկական վկայականում», որը վերանայվել և վերահաստատվել է 2017-ին, կրկին նշվում է արական, իգական, չորոշված:
Այսպիսով` նախարարությունը վստահեցնում է, որ երեխայի հիվանդության պատմագիրը համապատասխանեցվել է գործող իրավական ակտերին։