ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի հանդիպումը . Արխիվային լուսանկար
Բույար Օսմանին վերահաստատել է լարվածությունը թուլացնելու և կայուն խաղաղության հասնելու ջանքերում անձնապես ներգրավվելու իր պատրաստակամությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին կայցելի Հայաստան և Ադրբեջան։
Ինչպես ասված է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նա ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։
«ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ազդեցությամբ։ Օսմանին կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը և կառուցողական և արդյունավետ երկխոսություն սկսել»,–ասված է հաղորդագրության մեջ։
ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը և երկրների միջև վստահության ամրապնդման քայլերը՝ որպես ԵԱՀԿ-ի գործիքակազմի մաս, առանցքային են առկա խնդիրները հաղթահարելու համար։
Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը վերահաստատել է լարվածությունը թուլացնելու և կայուն խաղաղության հասնելու ջանքերում անձնապես ներգրավվելու պատրաստակամությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։