ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Արտաշատ համայնքի ավագանու ՀՅԴ խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Քննչական կոմիտեի Մասիսի բաժնի քննիչը քիչ առաջ 72 ժամով ձերբակալեց պաշտպանյալիս՝ ՀՅԴ Արտաշատի կառույցի ներկայացուցիչ, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանին: Ձերբակալումն ակնհայտ ապօրինի է, զուրկ է որևէ իրավական տրամաբանությունից»,– ֆեյսբուքյայն էջում գրել է Բաբայանը։
Նա ընդգծել է, որ իր պաշտպանյալը ձերբակալվել է միայն այն պատճառով, որ ունի հեռախոս:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի` Արտաշատում գտնվող տանը։ Վարդանյանին այսօր կանչել են նաև ՔԿ Արարատի մարզային վարչություն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ Sputnik Արմենիային հայտնել էր, որ Արարատի մարզում և Երևանում խուզարկություններ են իրականացվում նաև այլ ՀՅԴ–ականների տներում։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ խուզարկությունները կատարվել են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։