ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Արևմուտքի երկրները չեն կարողանա խուսափել Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմի ձերբակալության պատասխանատվությունից։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այդ սառնասրտությունը, անպատժելի լինելու անսասան վստահությունը պետք է ուղղակի տապալվի (ես դրանում համոզված եմ) նրանց մոտ, ովքեր կարծում են, որ այս իրավիճակն աննկատ կանցնի, որ հերթական անգամ թաքնվելով ինչ-որ դատարկ բառերի տակ, հերթական անգամ առակներ պատմելով, հենվելով ազատության մասին արդեն կիսաառասպելական դարձած ինչ-որ թեզերի վրա, նրանք կկարողանան խուսափել պատասխանատվությունից։ Չեն կարողանա։ Եվ հիմա դա մեր արդարացման հարցը չէ: Դա մեր իրական պահանջի հարցն է, քանի որ այլ կերպ պարզապես չի կարող լինել», — ասել է Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։
Նա ամոթալի է անվանել այն փաստը, որ Կասեմի ձերբակալության հետ կապված իրավիճակը փետրվարի վերջին սկսվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հաջորդ նստաշրջանի օրակարգում չէ:
«Ամոթ է, որ լրագրողի հետապնդման թեման նրա մասնագիտական գործունեության համար, նրա ձերբակալությունը, բազմակի հարցաքննությունները և այլն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի օրակարգի մշտական թեման չէ։ Նշանակում է՝ այնտեղ ինչ-որ բան այն չէ», - ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավաստիացրել է նաև, որ Կասեմի թեման մշտապես հնչելու է Ռուսաստանի ներկայացուցիչների շուրթերից միջազգային կազմակերպություններում, «բոլոր մասնագիտացված ինստիտուտներում»:
Մարատ Կասեմը Լատվիայի քաղաքացի է, մի քանի տարի է` ապրում և աշխատում է Մոսկվայում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում, որի մեջ ընդգրկված է նաև Sputnik Լիտվան։ Դեկտեմբերի 30-ին լրագրողն ընտանեկան պատճառներով Լատվիա է մեկնել և ձերբակալվել, իսկ հունվարի 5-ին Ռիգայի դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։ Կասեմին արդեն տեղափոխել են Ռիգայի կենտրոնական բանտ։