Արցախցի դիմորդները շրջափակված լինելու պատճառով չեն կարողանում միասնական քննություն հանձնել

Լաչինի միջանցք. Արխիվային լուսանկար
Չի բացառվում, որ արցախցի դիմորդներին ավելի ուշ` Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի ապաշրջափակումից հետո, հնարավորություն տրվի քննություն հանձնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից շուրջ 1 ամիս Արցախի շրջափակված լինելու հետևանքով արցախցի դիմորդները, չեն կարող գնալ Գորիս և այնտեղ հանձնել միասնական քննությունները։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Ընդհանուր առմամբ դիմել է 50 հոգի, որից 20-ը` «Անգլերեն» լեզվի քննությունը հանձնելու համար, իսկ մյուս առարկաներն ավելի քիչ են։ Այս դիմորդները ցանկանում են իրենց ուսումը հետագայում շարունակել ՀՀ բուհերում։
«Մենք մշտապես կապի մեջ ենք Արցախի Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանի հետ։ Մինչև թշնամու կողմից Արցախի շրջափակումը մենք տեղյակ էինք, որ նրանք նախապես չէին ցանկանում հունվար–փետրվար ամիսներին կազմակերպել քննությունները։ Արցախի ԳԹԿ–ն դիմել էր իրենց դիմորդներին և նրանք, ովքեր ցանկություն ունեին այնուամենայնիվ ձմեռային քննություններին մասնակցել, պետք է հայտագրվեին և քննությունները հանձնեին Գորիսում։ Այսօր այդ դիմորդները հնարավորություն չունեն գնալ Գորիս ու հանձնել քննությունները»,– նշեց Նասիբյանը։
Այդ հարցը և՛ Հայաստանի, և՛ Արցախի Գնահատման և թեստավորման կենտրոնների համար մնում է առկախված։ Նա ընդգծեց` առաջացած խնդրի պատճառով, երեխայի քննություն հանձնելու իրավունքները խախտվում են։
Նասիբյանը չբացառեց, որ արցախցի դիմորդներին ավելի ուշ` Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի ապաշրջափակումից հետո, կարող են հնարավորություն տալ քննություն հանձնել։ Նա շեշտեց, որ հարցը կքննարկեն Արցախի ԿԳՄՍ նախարարության հետ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։