Անհետ կորածներին վաղուց չեն որոնում. Թովմասյանն արձագանքել է Փաշինյանին

Թագուհի Թովմասյանը. Արխիվային լուսանկար
Թովմասյանի խոսքով՝ երկրի վարչապետը չի տիրապետում նման կարևոր տեղեկության կամ իմիտացիա է անում, թե ամեն հարցով զբաղվում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող մոտ 200 անձանց որոնողական աշխատանքները դադարեցվել են դեռևս 2022 թվականի հունվար ամսից: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական վերջին սադրանքի և 2020թ.-ի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող անձանց վայրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են:
«Ցավում եմ, որ երկրի վարչապետը չի տիրապետում նման կարևոր տեղեկության կամ իմիտացիա է անում, թե ամեն հարցով զբաղվում է:Որոնողական աշխատանքները դադարեցվել է Ադրբեջանի միակողմանի որոշմամբ»,-ասել է Թովմասյանը:
Նա ընդգծել է, որ այս հարցը բազմիցս քննարկել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իր գործընկերների հետ, ահազանգել մարդու իրավունքների հարցերով զբաղվող աշխարհի տարբեր կառույցների և կենտրոնների:
«Առ այսօր որևէ դրական տեղաշարժ չկա: Լավ կլիներ, որ ասուլիսին պատրաստվելուց առաջ համապատասխան տեղեկությունները ճշտեր երկրի թիվ մեկ պաշտոնյան. անլուրջ է այս ամենը»-նշել է պատգամավորը:
Փաշինյանն ասել էր նաև, որ հիմա գերիների, անհետ կորածների հանձնաժողովը վերակազմավորվել է ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ և աշխատում են, որ մինչև խնդիրը չլուծվի: