ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ երեկվա հայտարարությունը համարում է էթնիկ զտումների մասին խոստովանություն։
«Նա ասաց, որ ճանապարհը բաց է նրանց համար, որոնք չեն ցանկանում Ադրբեջանի քաղաքացիություն։ Նրանք կարող են հեռանալ մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով», - գրել է Մարուքյանը Twitter-ում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։