ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ժամանակ ներկայացրել է Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020թ.–ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների խախտում, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում:
«Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության անհապաղ քայլերի անհրաժեշտությունը` Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կանխելու նպատակով»,– ասված է հղորդագրությունում:
Արարատ Միրզոյանը նաև շնորհավորել է գործընկերոջը ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելությանը: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել առաքելության կատարած աշխատանքները:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։