Սերգեյ Կոպիրկինը Գարեգին Երկրորդին է հանձնել Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանը

Սերգեյ Կոպիրկինը Գարեգին Երկրորդին հանձնեց Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանը
Գարեգին Երկրորդը Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել ուշադրության և գնահատանքի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին է հանձնել Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Վեհափառը պետական պարգևին արժանացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։
Արարողության ժամանակ Սերգեյ Կոպիրկինն ընթերցել է ՌԴ նախագահի հրամանագիրը, ապա կաթողիկոսին հանձնել ՌԴ Պատվո շքանշանը։
Գարեգին Երկրորդն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ուշադրության և գնահատանքի համար։
«Մեր ժողովուրդներն ունեն դարավոր բարեկամության հարուստ պատմություն, որը կոփվել ու թրծվել է համատեղ կրած նեղություններով ու դժվարություններով և բազում հաղթանակներով։ Մեր ժողովուրդների եղբայրությունը ամրորեն հաստատված է քրիստոնեական մեր հավատքի ու դավանած ընդհանուր արժեքների վրա»,–ասել է վեհափառը։
Նա անդրադարձել է նաև մերօրյա մարտահրավերներին` ընդգծելով, որ բոլորն անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով։

«Աղոթում ենք, որ արդյունավորվեն ռուս խաղաղապահների ջանքերը՝ ուղղված Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը և Արցախում տիրող աղետալի վիճակի հաղթահարմանը։ Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը, վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը»,– նշել է կաթողիկոսը։

Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին Պատվո շքանշանով էր պարգևատրել 2022 թվականի նոյեմբերի 4–ին։