ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի թեմայով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի քայլերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին էթնիկ զտման ենթարկելուն:
Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխարգելելու համատեքստում Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանային ու միջազգային համապատասխան կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից հստակ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։