ՀՀ-ն Ադրբեջանից բռնագաղթած հայերի մարդահամար ու նյութական վնասների հաշվարկ է իրականացնում

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
Փաշինյանի խոսքվ, Հայաստանը պետք է, տարածաշրջանում իր հարաբերությունները փոխելով, կարողանա կառավարել սպառնալիքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանն Ադրբեջանից բռնագաղթած հայերի մարդահամար է իրականացնում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հակադարձելով ՀՀ–ում նախկինում բնակված ադրբեջանցիների մարդահամար անցկացնելու մասին Ադրբեջանի հայտարարությանը։
«Մենք էլ Բաքվից, Սումգայիթից, Գետաշենից, Շահումյանի շրջանից ու այլ տեղերից բռնագաղթած հայերի մարդահամար ենք իրականացնում։ Ընդ որում, նաև հաշվարկներ ենք անում, թե նրանք իրենց դեմ կիրառած բռնությունների արդյունքում ինչքան նյութական վնաս են կրել»,– ասաց Փաշինյանը։
Այդուհանդերձ Փաշինյանը չհերքեց, որ Ադրբեջանը զավթողական քաղաքականության նոր նկրտումներ է դրսևորում։ Իսկ Հայաստանը, նրա խոսքով, պետք է տարածաշրջանում իր հարաբերությունները փոխելով՝ կարողանա կառավարել սպառնալիքները։
«Բայց փաստ չէ, որ միայն մեր ցանկությունը բավարար է։ Այստեղ մենք պետք է շատ ավելի ճկուն լինենք, քան մեզ թվում է, որ մենք կարող ենք լինել։ Սրանք են իրողությունները, որոնց հետ մենք պետք է հարաբերվենք։ Սա նշանակում է, որ ճգնաժամ է, և մենք այդ ճգնաժամը պետք է ընկալենք ոչ թե որպես խուճապ, տագնապ, այլ որպես իրոք ճգնելու, մտածելու, խորհելու ժամ»,– ասաց Փաշինյանը` որպես սպառնալիք նշելով նաև Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունները։
Հավելենք, որ Հայաստանում վերջին մարդահամարը անցկացվել է 2022 թ.-ի հոկտեմբերի 13-ից 22-ը։