Համաշխարհային բանկը 2023-ին Հայաստանի ՀՆԱ-ի 4,1% աճ է կանխատեսում

Համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկի կանխատեսումն ավելի զգուշավոր է, քան Հայաստանի գործադիր մարմնինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2023-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4,1 տոկոս: Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում:
Նշենք, որ Համաշխարհային բանկի կանխատեսումն ավելի զգուշավոր է ստացվել, քան Հայաստանի գործադիր մարմնինը (7%)։ Իսկ 2022 թվականի արդյունքներով (արդյունքները դեռ չեն ամփոփվել) ՀԲ-ն Հայաստանում ակնկալում է 10,8 տոկոս աճ, իսկ կառավարությունը՝ 12,5-13 տոկոս։
Միևնույն ժամանակ 2022-ի հունիսին ՀԲ-ն Հայաստանի համար ակնկալում էր ընդամենը 3,5% տնտեսական աճ, բայց հետո վերանայեց կանխատեսումները, ինչը մեծապես պայմանավորված էր Ռուսաստանից ժամանած անձանց հոսքով, որոնք աշխուժություն մտցրին տնտեսության մեջ։
Որպես ռիսկ նշվում է Հայաստան–Ադրբեջան սահմանային լարվածությունը, ինչպես նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին Ռուսաստանի տնտեսական ցուցանիշների նվազումը։