G7-ի երկրներն ուզում են ռուսական նավթամթերքի գների երկու «առաստաղ» սահմանել․ ԶԼՄ

Նավթի արդյունահանում
Աղբյուրի խոսքով՝ ռուսական նավթամթերքի գների սահմանափակումն ավելի բարդ է, քան նավթի գներինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. G7-ի երկրներն ուզում են փետրվարին ռուսական նավթամթերքի գների երկու «առաստաղ» սահմանել։ Տեղեկությունը հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով G7-ի ներկայացուցչին։
««Մեծ յոթնյակի» (G7) կոալիցիան ձգտելու է փետրվարին ռուսական նավթամթերքի գների երկու սահմանային մակարդակ սահմանել․ մեկը՝ այն ապրանքների համար, որոնք գնանշվում են հավելավճարով` նավթի նկատմամբ, մյուսը՝ զեղչով վաճառվող ապրանքների համար», - գրում է գործակալությունը։
Աղբյուրը նշել է, որ ռուսական նավթամթերքի գների սահմանափակումն ավելի բարդ է, քան նավթի գներինը, քանի որ բազմաթիվ նավթամթերք կա, և դրանց արժեքը հաճախ կախված է նրանից, թե որտեղ են դրանք գնվում, ոչ թե որտեղ են արտադրվում:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին ուժի մեջ են մտել Արևմուտքի նավթային պատժամիջոցները։ Եվրամիությունը դադարել է ընդունել ծովով տեղափոխվող ռուսական նավթը, իսկ «Մեծ յոթնյակի» երկրները, Ավստրալիան և ԵՄ-ն ծովային փոխադրումների ժամանակ դրա գների սահմանափակում են հաստատել մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է ռուսական նավթ ու նավթամթերք մատակարարել այն օտարերկրյա անձանց, որոնց պայմանագրերում ուղղակիորեն կամ անուղղակիորեն նախատեսվում է օգտագործել ԱՄՆ-ի և այլ երկրների սահմանած վերին շեմի ամրագրման մեխանիզմը: