ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից։
«Կողմերն անդրադարձել են ԵՄ նոր քաղաքացիական առաքելության գործունեության շրջանակներին, դրա տեղակայմանը և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,–ասված է հաղորդագրության մեջ:
ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և մեկ անգամ ևս վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը նպաստելու նոր քաղաքացիական առաքելության աշխատանքներին։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
Հավելենք, որ ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին ավելի վաղ ընդունել էին արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելությունն արդեն Հայաստանում է, իսկ հոկտեմբերին Հայաստան ժամանած դիրտորդական խումբն ավարտել է իր առաքելությունը։
ԵՄ դիտորդների նախորդ առաքելությունը Հայաստան էր ժամանել հոկտեմբերին` 2 ամիս ժամկետով։